ՀՀ կառավարությունը կանխավճար է տալու Ռուսաստանից զենքի գնման վարկը ստանալու համար

ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի որոշումներից մեկով նախատեսվում է Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նախատեսված վարկը ստանալու համար հատկացնել կանխավճար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու», — կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է 2015թ. հունիսի 26-ին։ 2016թ. փետրվարին ռուսաստանյան կողմը հրապարակել է պայմանագրի  տեքստը, ինչի արդյունքում հայտնի են դարձել ինչպես դրա պայմանները, այնպես էլ Հայաստանի պատվիրած սպառազինության ցանկը: Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։

Վարկային պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․ փետրվարի 10-ին։

One response to “ՀՀ կառավարությունը կանխավճար է տալու Ռուսաստանից զենքի գնման վարկը ստանալու համար

  1. Pingback: 200 մլն վարկի համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանին կվճարի ևս 2 մլն ՀՀ դրամ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *