ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայել է A-10 գրոհիչներ

ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ուժգնացնելու նպատակով Թուրքիայում՝ հարավային «Ինջիրլիք» ռազմական ավիաբազայում, տեղակայել է 6 միավոր A-10 գրոհիչ, որոնք նախատեսված են տանկեր, զրահամեքենաներ և այլ ցամաքային թիրախներ խոցելու համար։

A-10 գրոհիչ

A-10 գրոհիչ

Այս մասին հայտնում է թուրքական «Յենի Շաֆաք» թերթի կայքը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության աղբյուրների՝ հոկտեմբերի 20-ի հայտարարությանը։

Այս տեղեկությանը ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը հոկտեմբերի 20-ի ամենօրյա ասուլիսի ժամանակ խիստ կցկտուր է արձագանքել՝ նշելով որ ինքը «տառացիորեն ճեպազրույցի մտնելուց առաջ է իմացել այդ մասին, չի կարող հստակորեն նշել, որ Թուրքիայում տեղակայված գրոհիչները քանիսն են» ու հավելել, որ «իր կարծիքով՝ դա ռոտացիոն սկզբունքով իրականացված գործողություն է»։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար  Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել էր «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք դեռ մարտի կեսերին, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի ժամանել էին ռազմաբազա օգոստոսի 9-ին։

Նշենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայվող ամերիկյան А-10 Thunderbolt II գրոհիչը նախագծվել է 1970-ականներին՝ ԽՍՀՄ դեմ հավանական պատերազմի համար։ Այն ունի 30 մմ ավիացիոն թնդանոթ և հրթիռների ու ռումբերի համար նախատեսված 11 կախոց։

Ավելացնենք, որ A-10 գրոհիչներն իրենց մարտական մկրտությունը ստացել են Ծոցի երկու պատերազմների ժամանակ։ 1991-ի՝ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ այս գրոհիչները խոցել են իրաքյան ավելի քան 900 տանկ, 2000 այլ ռազմամեքենա և 1200 հրետանային միավոր։

One response to “ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայել է A-10 գրոհիչներ

  1. Pingback: ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *