ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա

ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի առաքելության շրջանակներում Թուրքիա ուղարկել նաև F-15C կործանիչներ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ հարցազրույցի ժամանակ, հայտնել է Պենտագոնի խոսնակներից Լաուրա Սիլը։

F-15C կործանիչ

F-15C կործանիչ

Պենտագոնի աշխատակիցը նպատակահարմար չի համարել ներկայացնել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա տեղափոխվելիք կործանիչների վերաբերյալ այլ մանրամասներ՝ ներառյալ դրանց թիվն ու կիրառության բուն նպատակները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է նաև փոքր, մինչև 50-հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում ուղարկել Սիրիայի հյուսիս «այդ երկրի ընդդիմության մարտիկներին ԻՊ-ի դեմ մարզելու նպատակով»։

F-15C կործանիչների՝ Սիրիայի մերձակայքում տեղակայելու վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել ամերիկյան The Daily Beast լրատվակայքը՝ նշելով, որ այս կործանիչները կարող են կրել միայն օդային թիրախների խոցման համար նախատեսված սպառազինություն, մինչդեռ ԻՊ զինյալներն օդային ռազմատեխնիկական միջոցների չեն տիրապետում։ Սրանից կարելի է ենթադրել, որ Թուրքիա տեղափոխվելիք ամերիկյան F-15C-երը կիրառվելու են ոչ թե ԻՊ-ի թիրախների խոցման, այլ բոլորովին այլ նպատակներով։ Որպես օրինակ նշվում է հակազդեցությունը Սիրիայի կառավարական ուժերին պատկանող օդուժին, կամ սեպտեմբերի 30-ից զինյալների դիրքերը ռմբակոծող ՌԴ ռազմատիեզերական ուժերին։։

Նկատենք, որ սիրիական ճգնաժամում ու մասնավորապես ԻՊ դեմ պայքարում Ռուսաստանի գործնական միջամտությունը արժանացավ Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի խիստ արձագանքներին։ Այս երկրներն իրենց դժգոհությունն արտահայտեցին ընդհուպ առաջին դեմքերի՝ նախագահների մակարդակով։

Թուրք-ռուսական հարաբերությունները Սիրիայում ռուսաստանյան գործողությունից հետո զգալիորեն լարվեցին հոկտեմբերի 3-ին, երբ Սիրիայի տարածքից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառի հատվածում ռուսաստանյան ինքնաթիռը խախտեց այդ երկրի օդային սահմանը։

Էլ ավելի մեծ աղմուկ բարձրացավ հոկտեմբերի 10-ի միջադեպից հետո, երբ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ռադարները 15-30 կմ հեռավորության վրա նկատել էին անծանոթ ինքնաթիռ, որից հետո Ռուսաստանի օդուժի Սու-30ՍՄ կործանիչը մոտեցել է օբյեկտին 2-3 կմ հեռավորության վրա ու պարզելով, որ այն ԱՄՆ-ինն է՝ հետ վերադարձել։

Սու-30ՍՄ կործանիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

Սու-30ՍՄ կործանիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

Այս միջադեպը կողմերին ստիպեց ինտենսիվացնել փոխգործակցությունը սիրիական ճգնաժամի շրջանակներում. արդյունքում՝ հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրվել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։

Գործընթացի հաջորդ քայլը նոյեմբերի 3-ին, ԱՄՆ և ՌԴ կործանիչների՝ Սիրիայի երկնքում փորձնական կապ հաստատելն էր, որի նպատակ էր՝ ստուգել արդյոք  կողմերը կկարողանան կապվել մեկը մյուսին Սիրիայի երկնքում մոտենալու դեպքում:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ հայտնի էր դարձել նաև՝ ԱՄՆ-ն պատրաստվում է 6 միավոր A-10 գրոհիչ տեղակայել «Ինջիրլիքում»։

Ամերիկյան արտադրության F-15C կործանիչի նախագծումն ավարտվել է 1983-ին, ունի 1 հոգանոց անձնակազմ։ Կործանիչի առավելագույն արագությունը 2650 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 20 հազար մետր։ Կործանիչին կարող են ամրակցվել միայն «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռներ։

2 responses to “ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա

  1. Pingback: Ռուսաստանը Սիրիայում նաև զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *