Օգոստոսի 1-ին Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցույթում Հայաստանի առաջին թիմը մյուս երկրների առաջին թիմերի հետ պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Օգոստոսի 3-ին Հայաստանի առաջին թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ և եռյակում զբաղեցրել են 1-ին տեղը՝ 29 րոպե 47 վայրկյան արդյունքով:
Իսկ բոլոր 13 երկրների առաջին թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ղազախստանի (27ր 19վ) և Ռուսաստանի (28ր 31վ) առաջին թիմերին:
Առաջին թիմերի մրցույթից հետո մրցաշարային աղյուսակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.
Ղազախստան | 27ր 19վ |
Ռուսաստան | 28ր 31վ |
Հայաստան | 29ր 47վ |
Չինաստան | 30ր 31վ |
Հնդկաստան | 31ր 07վ |
Սերբիա | 34ր 41վ |
Ղրղզստան | 35ր 19վ |
Քուվեյթ | 40ր 03վ |
Տաջիկստան | 42ր 59վ |
Նիկարագուա | 48ր 56վ |
Վենեսուելա | 52ր 45վ |
Մոնղոլիա | 60ր 49վ |
Անգոլա | 62ր 19վ |
Հայկական թիմի կազմում եղել են ավագ լեյտենանտ Աշոտ Մալխասյանը (հրամանատար), շարքային Վահե Քոչարյանը (նշանառու օպերատոր) և շարքային Գևորգ Շմավոնյանը (մեխանիկ-վարորդ):
Օգոստոսի 3-ին մրցել են նաև Սերբիայի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Տաջիկստանի երկրորդ թիմերը: Մասնավորապես Սերբիայի երկրորդ թիմը շրջանը հաղթահարել է 28 րոպե 52 վայրկյանում, ինչով առաջ է անցել հայկական առաջին թիմից:
Հայաստանի և մյուս երկրների 2-րդ և 3-րդ թիմերի մրցումներն անցկացվելու են օգոստոսի 4-ից 6-ը, ինչից հետո՝ օգոստոսի 13-ին կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած թիմերը, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: Տանկային բիաթլոն. Երկրորդ թիմերի պայքարում նույնպես Հայաստանի թիմը 3-րդ տեղում է | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info