Հունիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքների ընթացքում վիրավորվել են Հայաստանի զինված ուժերի երեք պայմանագրային զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախիջևանյան սահմանին ադրբեջանական սադրանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, որտեղ հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրմանն ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի և Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը և միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը:
Պաշտպանության նախարարությունը միաժամանակ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից և ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ ևս պահպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էր խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը։ Հայկական կողմի պատասխան կրակից հակառակորդը ևս կրել է կորուստներ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՀՀ նախագահը պարգևատրել է Նախիջևանի սահմանին զոհված զինծառայողին | Ռազմ.info