Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն այսօր՝ 2014-ի հոկտեմբերի 23-ին, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ի կայքը։
Հանդիպման ընթացքում նախարար Ալասանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին Վրաստանին մշտապես աջակցելու համար, ինչպես նաև ընդգծել բոլոր այն համատեղ միջոցառումների և վարժանքների կարևորությունը, որոնք լինում են երկու երկրների ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ։
Առանց հիշատակման չի մնացել նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափի համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նշվել է այդ երկրների զինված ուժերի համատեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և դաշտային պարապմունքների կարևորության մասին։ Ընդ որում, Ալասանիան հայտնել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են նմանատիպ զորավարժություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկը կլինի Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան իրար կապող ռազմավարական ենթակառուցվածքի պաշտպանության ամրապնդումը ճգնաժամային իրավիճակում։
Նշենք, որ սրանով Ալասանիան, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանն ուղղված ամենամյա զորավարժությունը։ Բացի այդ, 2014-ի հոկտեմբերի 18-ին Նախիջևանում կայացավ այս երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում ընդունված որոշումների շարքում էր նաև համատեղ զորավարժության անցկացումն առաջիկայում։
Հավելենք, որ բանակի գեներալ Նեջթեզ Օզելն առանձնազրույց է ունեցել նաև Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, ինչին հաջորդել է արդեն հանդիպման շարունակությունը պատվիրակությունների ամբողջական կազմով։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info