2014-ի տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև ՆԱՏՕ-ի ու Չինաստանի սպառազինության տանկեր

Ռուսաստանում անցկացվելիք 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին 5 երկրներ՝ Ուկրաինան, Հունաստանը, Չեխիան, Իտալիան ու Չինաստանը, կմասնակցեն սեփական տանկերով։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Այս մասին հայտնել են նշված երկրների պաշտպանության նախարարությունները՝ պատասխանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հրավերներին։ Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը մոսկովյան Ալաբինո զորավարժարանում։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր  է ուղարկել 41 երկրի, որոնցից 15-ը հաստատել են իրենց մասնակցությունը ու հայտնել են, որ կմրցեն ռուսական արտադրության Տ-72Բ տանկերով։ Այս մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցևը։

Իսկ նշված 5 երկրները, հաստատելով իրենց մասնակցությունը, հայտնել են, որ կմրցեն իրենց սեփական տանկերով։ Այս երկրների սպառազինության մեջ կան ինչպես խորհրդային արտոնագրով կամ ռուսական ու ուկրաինական արտադրության տանկեր (Չեխիա, Ուկրաինա), այնպես էլ ՆԱՏՕ-ի (Իտալիա, Հունաստան) ու չինական (Չինաստան) տանկեր։

Նախատեսված է, որ Ուկրաինայից ու Չինաստանից մասնակից տանկերը կբերվեն երկաթուղով, իսկ մյուս երեք երկրներից տանկերը կտեղափոխվեն ինքնաթիռներով։ Ներկայումս Ռուսաստանն ու մասնակից երկրները հստակեցնում են, թե ում միջոցներով են տեղափոխվելու տանկերը։

Նշենք, որ 2014-ին Ռուսաստանը միջազգային տանկային բիաթլոնն անցկացնելու է նորագույն Տ-72Բ3Մ նորագույն տանկերով։ Ընդ որում, այս տարի կմասնակցի նաև Հայաստանի լավագույն տանկային անձնակազմը։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *