Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ներկայացրել է իր կապի ապահովման նոր մեքենան, որը նախագծել է վրացական արտադրության Դիդգորի թեթև զրահապատ մեքենայի հիմքի վրա։ Մեքենան ստեղծել են ամերիկյան Harris Corporation ընկերության հետ համատեղ։
Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքի համաձայն՝ փոփոխվել է Դիդգորի զրահամեքենայի իրանի կառուցվածքն, ու այնտեղ տեղադրվել են ամերիկյան արտադրության կապի սարքավորումներ։ Կապի սարքավորումները կիրառելու են փակ ռադիոալիքներ, ինչի շնորհիվ հակառակորդը չի կարողանա վերծանել խոսակցությունները ու խափանումներ մտցնել ռադիոալիքների մեջ։ Մեքենան կկիրառվի գումարտակային օղակում կապի ապահովման համար։
Դիդգորի մեքենան, որի հիմքի վրա ստեղծվել է կապի մեքենան, ապահովում է անձնակազմի պաշտպանությունը հրաձգային զենքերից ու արկերի բեկորներից։ 4×4 ընթացամասով Դիդգորի-1 ու Դիդգորի-2 մեքենաները ստեղծվել են F սերիայի Ford մեքենաների հիմքի վրա։ Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ Դիդգորի մեքենաները Վրաստանում սերիական արտադրության են դրված։ Կապի ապահովման մեքենայի ստեղծման ժամանակ օգտագործվել են Դիդգորի-2 մեքենաները։
Pingback: Վրաստանն ընդլայնում է սեփական արտադրության զրահամեքենաների տեսականին | Ռազմ.info