ԱՄՆ-ն սկսում է իր զորախմբի դուրսբերումը Ղրղզստանից

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պլանավորում է ընթացիկ տարվա փետրվարին սկսել է Ղրղզստանում տեղակայված Մանաս ավիաբազայից դուրս բերել իր զինծառայողներին՝ Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայության աստիճանաբար նվազեցման շրջանակներում: Այս մասին հաղորդում էԵվրասիանեթ տեղեկատվական պորտալը:

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Մանաս ավիաբազայում տեղակայված ԱՄՆ զորախումբը կտեղափոխվի Ռումինիայի Միխայիլ Կոգալնիցեանու ավիաբազա, որտեղ ունենալու է ավելի սահմանափակ գործառույթներ: Համենայն դեպս, այդպես է հայտարարում ԱՄՆ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման 21-րդ հրամանատարության պետ, գեներալ-մայոր Ջոն Օ’Քոնորը:

Գեներալը նշել է, որ ընթացիկ տարում իր տրամադրության տակ լինելու է շուրջ 400 զինծառայող, ովքեր ապահովելու են Մանաս ավիաբազայի զորախմբի դուրսբերման գործընթացը: ԱՄՆ-ի կարիքների համար ավիաբազայի տրամադրման դիմաց Ռումինիան կստանա վառելիք, որի ծավալները չեն նշվում:

Նշենք, որ Ղրղզստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում իրենց ծառայությունն են անցնում ամերիկացի 1400 զինծառայող և քաղաքացիական 200 անձ՝ թիկունքային ապահովման համար:

Հիշեցնենք նաև, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը 2013-ի հունիսի 26-ին ստորագրեց օրենք, որով չեղյալ համարվեց Մանաս ավիաբազայի օգտագործման վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ կառավարության հետ: Համաձայն այդ օրենքի՝ ԱՄՆ-ն պետք է դուրս բերի իր զորքերը Մանաս ավիաբազայից մինչև 2014-ի հունիսի 11-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *