Ռուսաստանյան Արմատա ծանր թրթուռավոր պլատֆորմի նախագծման աշխատանքներն ավարտվել են, իսկ պլատֆորմի հիմքի վրա պատրաստված Արմատա հիմնական մարտական տանկն արդեն փորձարկումների փուլում է։
Ռուսաստանյան Էխո Մոսկվի ռադիոկայանին այս մասին հայտնել է Արմատայի նախագծման աշխատանքներով զբաղվող Ուրալվագոնզավոդ ընկերության տնօրենի՝ հատուկ տեխնիկայի գծով տեղակալ Վյաչեսլավ Խալիտովը։
Խալիտովը նշել է նաև, որ Արմատա տանկից բացի արդեն փորձարկումների փուլում է նաև 152 մմ Կոալիցիա հրետանային համալիրը։ Թե´ տանկը և թե´ հրետանային համալիրը, Խալիտովի խոսքով, նախորդ տարվա սեպտեմբերին Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ փակ ռեժիմով ներկայացրել են Ռուսաստանի ղեկավարությանը։ Սակայն մինչև հիմա էլ չեն հստակեցվում տեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը։
Նախագծողները միայն հայտնում են, որ մասնավորապես Արմատայի նախագծման աշխատանքների ժամանակ օգտագործվել է թե´ ռուսական տանկաշինության փորձը, թե´ նորագույն, հեռանկարային տեխնոլոգիաներ։ Սա թույլ կտա պլատֆորմը օգտագործել երկար ժամանակ ու նրա հիմքի վրա արտադրել բազմաթիվ մարտական մեքենաներ, որոնց թվում՝ հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, ինժեներական և այլ տեխնիկա։
Ըստ նախագծողների՝ Արմատան ու Կոալիցիան հանրությանը կներկայացվեն 2015-ին անցկացվելիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, իսկ Արմատայի հիմքի վրա ստեղծված տեխնիկայի որոշ տեսակներ նախատեսված է ներկայացնել նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ 2015-ի մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսի ժամանակ։
Խալիտովի խոսքով՝ Արմատայի ստեղծումը չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է իր մյուս տանկերից։ Տանկերի փոխարինումը կկատարվի աստիճանաբար, քանի որ սպառազինության մեջ առկա Տ-72 ու Տ-90 տանկերը դեռ շահագործման ժամկետ ունեն, իսկ Արմատային միանգամից անցնելը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Ռուսական կողմը նախատեսում է, որ տեխնիկայի ամբողջական փոխարինումը կկատարվի մոտ 20 տարվա ընթացքում։