Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն ամփոփել է 2013-ին արտահանված սպառազինության ծավալները, որի արդյունքները երկրի համար եղել են բավական գոհացնող: Անցնող տարում Ֆրանսիայի արտահանած ռազմական նշանակության արտադրանքի ծավալներն աճել են 30 տոկոսով՝ կազմելով շուրջ ինը միլիարդ ամերիկյան դոլար:Այս մասին գրում է Air-cosmosավիացիոն լրատվակայքը:
Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ ընթացիկ տարում Ֆրանսիային հաջողվել է նաև կնքել մի շարք պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է 270 միլիոն դոլարը: Այսպես, եթե 2012-ին Ֆրանսիան կնքել է 270 միլիոն դոլարը գերազանցող ընդամենը երկու պայմանագիր, ապա 2013-ին այդպիսի պայմանագրերը եղել են ութը:
Ֆրանսիայի կնքած պայմանագրերից ուշագրավ են Սաուդյան արաբիայի ռազմածովային ուժերի ֆրեգատների արդիականացումը (775 միլիոն ԱՄՆ դոլար), Բրազիլիային վաճառված կապի զինվորական արբանյակները (775 միլիոն դոլար), Ուզբեկստանին վաճառված ռազմական ուղղաթիռներն ու Սինգապուրի հետ կնքած պայմանագիրը՝ Airbus А330 MRTT լիցքավորող վեց ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:
Նշենք, որ 2013-ին ֆրանսիական ռազմական պայմանագրերը դիտարկելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիան աստիճանաբար հաստատվում է Մերձավոր Արևելքի շուկայում: Կնքված պայմանագերի շուրջ 40 տոկոսի երկրորդ կողմը հանդիսանում են հենց այս տարածաշրջանի երկրները: