ԱՄՆ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքից 13 մլրդ դոլարի պատվեր է ստացել

Պենտագոնի ռազմական համագործակցության գործակալությունը (DSCA) վերջին 10 շաբաթներին մերձավորարևելյան պետություններից կողմից շուրջ 13 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական տեխնիկայի և սպառազինության պատվեր է ստացել։

Defense News-ի տվյալներով՝ DSCA-ն, ամերիկյան օրենքներին համաձայն, արդեն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին պատվերների մասին։

AN/FPS-132 ՌՏԿ

AN/FPS-132 ՌՏԿ

Միայն Սաուդյան Արաբիան և Իրաքը միասին պատվիրել են շուրջ 11 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն։

Իրաքը պատվիրել է 4,7 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական տեխնիկա, իսկ Սաուդյան Արաբիան՝ 6,4 մլրդ ամերիկյան դոլարի։

Սաուդյան Արաբիան նախատեսում է գնել Mark V կատերներ և սպասարկման համաձայնագիր կնքել երկրի ռազմաօդային ուժերի համար։

Մյուս պատվիրատուների թվում են նաև Քաթարը, Քուվեյթը, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան Լիբիան։

Քաթարը նախատեսում է գնել AN/FPS-132 Block 5 կայաններ, որոնց համար նախատեսում է ծախսել 1,1 մլրդ ամերիկյան դոլար։

Լիբիան էլ նախատեսում է ձեռք բերել C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռները 588 մլն դոլարով։

Քուվեյթը նախատեսում է ամերիկյան կողմի հետ կնքել F/A-18 Hornet կործանիչների սպասարկման վերաբերյալ պայմանագիր, որն արժե շուրջ 200 մլն դոլար։

Նշենք, որ Իրաքը մտադիր է գնել 681 միավոր Stinger զենիթային հրթիռ ու 40 միավոր դրանց արձակման կայան։ Կայանները պետք է ամրացվեն մարտական մեքենաների վրա։

Բացի այդ, իրաքյան ռազմական հրամանատարությունը պատվիրել է Sentinel ՌՏԿ-ներ ու 3 միավոր Hawk զենիթահրթիռային համակարգ 216 հրթիռներով։ Այս պատվերը գնահատվում է 2,4 մլրդ դոլար։

Հավելենք, որ Պենտագոնը մտադրություն ունի վաճառել Իրաքին 50 միավոր M1135 Stryker-ներ, 12 միավոր Bell 412EP ուղղաթիռ, ինչպես նաև պայմանագրի մեջ ներառել ուղղաթիռների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման պատասխանատվությունը։ Այս ամենը կարժենա 300 մլն դոլար։ Ուղղաթիռները զինված են լինելու SAFIRE III էլեկտրական-օպտիկական համակարգով։ Դրանք, ըստ երևույթին, կկիրառվեն Իրաքի ՌՕՈւ-ում՝ հիմնականում որոնողափրկարարական նպատակներով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրաքին վերջին տարիների ընթացքում տրամադրել է 12 մլրդ դոլարի սպառազինություն։

One response to “ԱՄՆ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքից 13 մլրդ դոլարի պատվեր է ստացել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *