ԱՄՆ-ն Stryker հետախուզական մեքենաներ կվաճառի Իրաքին

ԱՄՆ պաշտպանության և անվտանգության համագործակցության հարցերով գործակալությունն օրերս տեղեկացրել է Կոնգրեսին 50 միավոր M1135 Stryker հետախուզական մեքենաներ Իրաքին տրամադրելու հավանականության մասին։

 M1135 Stryker

M1135 Stryker

Նշենք, որ M1135 Stryker-ը նախատեսված է միջուկային, կենսաբանական ու քիմիական հետախուզման համար, և Իրաքի կառավարությունն ինքն է դիմել ԱՄՆ-ին՝ մեքենաներ տրամադրելու խնդրանքով։

Իրաքը ծրագրում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու այլ սպառազինություն՝ ընդհանուր առմամբ 1,6 մլրդ դոլար արժողությամբ, իսկ եթե ԱՄՆ-ն տրամադրի միայն 50 միավոր M1135 Stryker-ները, ապա պայմանագիրը կարժենա 900 մլն ԱՄՆ դոլար։

Համաձայն Defense News պարբերականի տվյալների՝ Իրաքին նման մեքենաներ անհրաժեշտ են, քանի որ կառավարությունը կասկածներ ունի քիմիական զենքի առկայության ու հնարավոր կիրառման վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Իրաքը մեքենաները կհանձնի իր բանակի հետախուզական ստորաբաժանումներին։ Դրանք, ըստ նույն աղբյուրի, չեն փոխի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։

Հավելենք, որ Պենտագոնը մտադրություն ունի վաճառել Իրաքին 12 միավոր Bell 412EP ուղղաթիռ, ինչպես նաև պայմանագրի մեջ ներառել ուղղաթիռների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման պատասխանատվությունը։ Այս ամենը կարժենա 300 մլն դոլար։ Ուղղաթիռները զինված են լինելու SAFIRE III էլեկտրական-օպտիկական համակարգով։ Դրանք, ըստ երևույթին, կկիրառվեն Իրաքի ՌՕՈւ-ում՝ հիմնականում որոնողափրկարարական նպատակներով։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին Իրաքը մոտ 4 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել ռուսական «Ռուսօբորոնէքսպորտ»-ի հետ, որն ընդգրկում էր 30 միավոր Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռների տրամադրում։ Դրանցից 10-ն արդեն տրամադրվել են Իրաքին հունիսի վերջին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *