Ադրբեջանի ռազմական փորձագետի վրա հարձակվել են ՊՆ-ի հրահանգով

Այսօր՝ հուլիսի 29-ին, կայացել է հերթական դատական նիստը՝ Ադրբեջանի ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջավարլիի վրա կատարված խուլիգանական հարձակման գործով։

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Ջաֆարլին հերթական անգամ հայտարարել է, որ հետաքննությունը փորձում է ամեն կերպ կոծկել իրական մեղավորներին, ավելին՝ փորձ է արվում հարձակումը ներկայացնել որպես սովորական վեճ, ինչն էլ կազդի դատավճռի վրա։

Ռազմական փորձագետը խոստովանել է. «Ինձ վրա հարձակվել են պաշտպանության նախարար Աաֆար Աբիևի վստահելի անձինք։ Դատավարության ժամանակ հավաքված նյութերից պարզ էր, որ իմ դեմ իրականացրած հանցագործությունը նպատակաուղղված էր և կապված իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Չկա ոչ մի անաչառություն  թե´ հետաքննության, թե´ դատավարության ընթացքում»։

Ջաֆարլին հավելել է, որ իր դատավարության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքը ևս մի քայլ է, որն իրականացվում է Ադրբեջանում ձևավորված «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր դիրքորոշմամբ կուսակցությունների միության վրա ճնշում գործադրելու շրջանակներում։

Հիշեցնենք, որ ռազմական փորձագետն անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել 2013-ի ապրիլի 2-ի գիշերը։ Հարևաններն աղմուկից դուրս էին վազել, և հաջողվել էր ձերբակալել 2 հարձակվողներից մեկին։ Ջաֆարլին հայտարարել էր, որ վերջինս զինվորական է, նշել անունը՝ Էլհան Գաջիև։ Մինչ այժմ Գաջիևի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, իսկ ԱՀ պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել զինվորականի կապակցությամբ։

Հավելենք, որ դեռևս 2013-ի մայիսին Ջաֆարլին աղմկահարույց հարցազրույց էր տվել «Զերկալո» պարբերականին, որտեղ որպես ԶՈւ բարեփոխումների առաջին պահանջվող քայլ նշել էր պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի պաշտոնանկությունը։

Բացի այդ, բոլորովին վերջերս ռազմական փորձագետը մեկնաբանել էր Սաֆար Աբիևի՝ Հարավային Կորեայի պատվիրակության ընդունման ժամանակ արտահայտած հակահայ ռազմատենչ մտքերը՝ ևս մեկ անգամ բացեիբաց կոչ անելով պաշտպանության նախարարին անհիմն մտքեր բարձրաձայելու փոխարեն հրաժարական տալ։

Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 10-ին սկսել էր Ադրբեջանի մեկ այլ ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովի հայցադիմումի քննումը։ Ջաֆարովին ծեծի էին ենթարկել 2007-ին, երբ վերջինս քննադատական հոդված էր տպագրել գնդապետ Ֆաիգ Մամեդովի մասին։ Ծեծի կազմակերպիչներին ձերբակալել էին, սակայն այդպես էլ քրեական պատասխանատվության չէին ենթարկել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *