Եթե մի օր այս թանգարանում նոր բան չավելացնեմ, օրս օր չի լինում. Գալյա Առստամյան

Օրերս լրացավ Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության 20 տարին: Ռազմինֆոն Ստեփանակերտում զրուցեց միության նախագահ Գալյա Առստամյանի հետ:

Գալյա Առստամյան

Գալյա Առստամյան

— Ինչպե՞ս որոշեցիք միությունը ստեղծել:

Իմ որդու զոհվելուց հետո ամբողջ օրը գերեզմանոցի ճանապարհներին էինք: Զոհվածերի հարազատներով հավաքվում, զրուցում էինք, իրար խորհուրդներ տալիս: Տուն չէի գալիս: Հետո մտածեցի, որ մի միություն ստեղծենք, հավաքվենք, իրար օգնենք: Քաղաքապետարանից խնդրեցի, որ սենյակ տրամադրեն: Նոր զոհեր էին լինում, տներն էի գնում, այն ժամանակ նկարներ էին տալիս, հավաքում էի, հետո տեսա, որ շատանում են։  Բացի այդ 1993-ից սկսեց լույս տեսնել «Մարտիկ» թերթը:  Դրանք էլ էի պահում։  Կամաց-կամաց  մեծ արխիվ էի ստեղծել: Հետո գրանցեցի միությունը, մի փոքր անկյուն էի սարքել:  Արդեն 20 տարի է՝ աշխատում ենք: Մենք նվիրված էինք մեր բանակին ու պետությանը: Ճիշտ է՝  դժվար տարիներ էին,  բայց մեզ օգնում էին սփյուռքից ու Հայաստանի տարբեր կազմակերպություններից:

— Իսկ թանգարանի ստեծման գաղափարը ինչպե՞ս ծնվեց:

Թանգարանը ստեղծվել է 2002 թվականին: Արդեն շատ նկարներ ունեի, արխիվը գնալով մեծանում էր: Վատ տարիներ էին, շատ դժվարությամբ ստեղծեցի: Այսքան զոհվածների նկարները Երևանում մեծացնում էի, շրջանակների մեջ դնում ու բերում: Ամսվա մեջ մի քանի անգամ գնում գալիս էի:

tangaran

— Ո՞վքեր են թանգարանի հիմական այցելուները:

Այս թանգարանը առավոտից երեկո մարդաշատ է: Գլխավոր այցելուները մեր զինվորներն են: Նորակոչիկները բանակ գալուց հետո անպայման գալիս են այստեղ: Ես պատմում եմ մեր գոյապայքարի մասին, մեր տղաների հերոսության մասին: Երազել ենք, որ բանակ ունենանք, հիմա ունենք հայկական բանակ: Ես չեմ ասում Ղարաբաղի բանակ, ո՛չ, սա Հայաստան է և վերջ: Զինվորները, որ գալիս են սահմանին կանգնում, հենց այդտեղից էլ սկսում է Հայաստանի սահմանը: Մենք  բոլորս պահում ենք Հայաստանի սահմանը: Այցելում են մեր ուսանողները, մեր ժողովուրդը, բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ես հաշվել եմ՝ արդեն 40 երկրից օտարերկրացիներ են եկել:

— Պաշտպանության բանակի հետ կա՞ որևէ պայմանավորվածություն, որ նորակոչիկները գան, այցելեն թանգարան:

Այո, այո: Մինչև Ձեր գալը, արդեն պայմանավորվել են, որ սակրավորներ են գալու թանգարան: Ամեն օր էլ զինվորականներ են գալիս տարբեր շրջաններից: Ես խոսելիս նրանց աչքերին եմ նայում: Պատկերացրեք` փայլող, ոգևորված աչքեր եմ տեսնում: Այս տղաներին տեսնելով՝ նրանք զգում են, որ այս հայրենիքը պետք է պաշտպանել: Եկել ես ծառայես, պիտի պատվով կատարես պարտքդ, իմանաս, որ այս բանակի ստեղծման ակունքներում բազմաթիվ տղաներ են զոհվել: Ես հպարտանում եմ նրանցով, ու միշտ ասում` ես որդուս կորցրել եմ, իմ որդիները դուք եք:

shushi

— Եթե չեմ սխալվում, Ձեզ նոր սենյակ են տրամադրում, չե՞ք ուզում տեղափոխվել նոր շենք:

-Մենք չենք ուզում տեղափոխվել: Չնայած Ազատամարտիկների միությունը նոր շենք ունի, մեզ էլ երկու սենյակ են տրամադրել: Բայց ես գրասենյակ չեմ ուզում, կարևորն այն է, որ ես մի երիտասարդի հետ խոսեմ, խորհուրդ տամ: Պիտի հասկանանք, որ մեր վաղեմի թշնամին չի լռում: Եթե մի օր այս թանգարանում նոր բան չավելացնեմ, օրս օր չի լինում:
tangaran 2

— Թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի:

Ես արդեն տարիքս առած կին եմ: Թարգմանիչ չունեմ: Բայց շնորհակալություն եմ հայտնում Լույս հիմնադրամին, քանի որ Արցախ եկած երիտասարդները տեղի երիտասարդների հետ թարգմանեցին ցուցանակները, հետո թանգարանը համալրվեց աուդիո գիդերով, որոնք 5 լեզվով պատմում են արցախյան պատմությունը: Հիմա եթե Անգլիայից են գալիս, անգլերեն եմ միացնում, լսում են, Ֆրանսիայից եկածի համար` ֆրանսերեն: Բացի այդ, երեք լեզուներով տպագրած գրքեր կան, դրանք եմ նվիրում: Ինչպես կարողանում ենք, անում ենք: Այս ճանապարհը, որ ես բռնել եմ, պիտի տանեմ մինչև վերջ:

Մենք պիտի լինենք զինվորի կողքին, զրուցենք, աջակցենք: Սա իմ պարտականությունն եմ համարում:

Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *