Ադրբեջանի ռազմական փորձագետի ծեծի գործը Եվրոպական դատարանում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) սկսել է ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովի հայցադիմումի քննումը։

Ջաֆարովի իրավունքները ներկայացնող Մեդիայի իրավունքի ինստիտուտի համակարգող Հալիլ Աղալիևը «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությանը ժամանակ է տվել մինչև հոկտեմբերի 16-ը՝ իր առաջադրած հարցերին պատասխանելու համար։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Նշենք, որ ռազմական փորձագետը հայտարարել է իր իրավունքների խախտման մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (ազատ արտահայտվելու իրավունք), 6-րդ հոդվածով (արդար դատավարության իրավունք) և 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք)։ Ջաֆարովը պահանջում է իրեն հասցված ֆիզիկական ու բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև դատավարության ծախսերի հատուցում։
Հիշեցնենք, որ Ուզեիր Ջաֆարովին ծեծի էին ենթարկել 2007-ին, երբ վերջինս քննադատական հոդված էր տպագրել գնդապետ Ֆաիգ Մամեդովի մասին։

Ծեծի կազմակերպիչներին ձերբակալել էին, սակայն այդպես էլ քրեական պատասխանատվության չէին ենթարկել։ Յասամալիի շրջանի դատարանը մերժել էր Ջաֆարովի պատասխան բողոքը՝ չնայած որ 132 հոդվածով (ծեծ) քրեական գործն արդեն հարուցվել էր։ Խնդիրն այն էր, որ Ջաֆարովը մատնանշել էր՝ իրեն ծեծի է ենթարկել ոստիկանապետ Նաբի Նաջաֆովը։

Հավելենք, որ Ուզեիր Ջաֆարովը հայտնի է Ադրբեջանի մամուլում բանակին և բանակի ղեկավարությանն ուղղված խիստ քննադատություններով։

Ռազմական փորձագետների հետապնդումը և բռնությունների ենթարկելն Ադրբեջանում թերևս սովորական երևույթ է դառնում։ Դեռևս հունիսի 4-ին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հայտնում էին, որ Բաքվի ռազմական դատարանը հունիսի 3-ին՝ կեսօրին, սկսել է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլիին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի դատավարությունը։ Ջաֆարլին իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի ԶՈՒ բարեփոխումները կապել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և ԳՇ պետ Նաջմեդին Սադիխովի հրաժարականի հետ։

One response to “Ադրբեջանի ռազմական փորձագետի ծեծի գործը Եվրոպական դատարանում է

  1. Pingback: Ադրբեջանում ռազմական փորձագետին կարող են ձերբակալել «բանակի դեմ գրելու համար» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *