ԱՄՆ-ն հարվածային ուղղաթիռներ է վաճառելու Ինդոնեզիային

ԱՄՆ կառավարությունը մտադիր է Ինդոնեզիային վաճառել 8 միավոր AH-64 Apache հարվածային ուղղաթիռներ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ 500 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը ներառելու է ոչ միայն ուղղաթիռներ, այլև դրանց ռադիոտեղորոշման կայաններ և օդաչուների վերապատրաստում։

Defense News պարբերականը գրում է, որ Ինդոնեզիային առաջին անգամ են տրամադրվում Apache («Ապաչ») ուղղաթիռներ։ ԱՄՆ իշխանությունները հավանական պայմանագիրը դիտարկում են՝ որպես տարածաշրջանում անվտանգության վերահսկման կարևոր քայլ և ռազմատեխնիկական համագործակցության խորացում Ինդոնեզիայի հետ։ Apache ուղղաթիռների տրամադրման պայմանագիրը կնքվելու է ամերիկյան Boeing ընկերության հետ։ Դեռևս հայտնի չէ պայմանագրի կնքման հստակ ժամկետը։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն արդեն երկրորդ անգամ է տեղեկացնում Ինդոնեզիային հարվածային ուղղաթիռներ վաճառելու մտադրության մասին։ Առաջին անգամ նման բան է հայտարարվել 2012-ի սեպտեմբերին։ Ծրագրում էին վաճառել AH-64D տիպի ուղղաթիռներ, սակայն ներկա դրությամբ այդպիսի ուղղաթիռների արտադրությունը կասեցված է. Boeing-ը սկսել է արտադրել դրանց արդիականացված AH-64E տարբերակը։

Հավելենք, որ 1992-2005-ն ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառում Ինդոնեզիայի դեմ, որոնք ենթադրում էին նաև Ջակարտային սպառազինության տրամադրման արգելք։ Ընդ որում, 1999-ին այդ պատժամիջոցներն ավելի խստացվեցին՝ վերածվելով նույնիսկ սարքավորումների ու բաղադրամասերի տրամադրման արգելքի։ Պատժամիջոցներին կողմ էին մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։

Հիշեցնենք, որ AH-64 Apache-ներն ԱՄՆ ԶՈւ հիմնական մարտական ուղղաթիռներն են՝ սկսած 1980-ականների կեսերից։ Ուղղաթիռը զինված է 30 մմ տրամաչափի M230 Chain Gun թնդանոթով, 16 միավոր հակատանկային AGM-114 հրթիռներով։ Ուղղաթիռի մոտավոր արժեքը 14 մլն դոլար է, այն կիրառվում է նաև Իսրայելի, Նիդեռլանդների զինված ուժերում, Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *