Ռուսաստանի ՊՆ–ն նախատեսում է ստանալ առաջին երկու Սու–57 կործանիչը

Օգոստոսի 22-ին Ռուսաստանի ՊՆ–ն «Армия 2018» միջազգային ֆորումի շրջանակներում կնքելու է 5-րդ սերնդի Սու-57 (հայտնի է նաև Տ-50 գործարանային ինդեքսով) առաջին երկու կործանիչների մատակարարման պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվականը։ 

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 19-ին ռուսական Միավորված ավիաշինական կորպորացիայի («Объединённая авиастроительная корпорация» («ОАК»)) նախագահը հայտնել էր, որ իրենք մինչև ամառվա վերջ ՊՆ–ի հետ կկնքեն կործանիչների մատակարարման պայմանագիրը։

Սու-57 (Տ-50) կործանիչ

Սու-57 (Տ-50) կործանիչ

Նախագահը նշել է, որ նախատեսվում է 12 ինքնաթիռի գնում, կործանիչների մատակարարումը կսկսվի մյուս տարվանից։

Հետաքրքիր է, որ այս տարվա փետրվարին Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Հմեյմիմ» ավաբազա էր ժամանել երկու միավոր նոր սերնդի Սու-57 կործանիչ։

Արբանյակային լուսանկարների հետազոտությամբ զբաղվող Imagesat կայքը ներկայացրել էր ավիաբազայում կայանած կործանիչները․

Լուսանկարը Imagesat կայքից

Լուսանկարը Imagesat կայքից

Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017 թվականին:

Հավելենք, որ օգոստոսի 20-ին էլ սառեցվել է Հնդկաստան–Ռուսաստան Սու–57-երի արտադրման համատեղ  10 մլրդ դոլարի ծրագիրը։ Մինչ այդ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել է դադարեցնել նախագիծը, քանի որ ըստ հնդկական կողմի կործանիչը իր բնութագրերով չի համապատասխանում ամերիկյան F-35-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *