Թուրքիա – ԱՄՆ թեժ շաբաթը

Օգոստոսի 21-ին Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցը, որի ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ–ը չի պատրաստվում զիջել Թուրքիային։ 

Թրամփը մասնավորապես ասել է․

«Տխուր է այն, ինչ անում է Թուրքիան։ Ես կարծում եմ նրանք մեծ սխալ են գործում։ Զիջումներ չեն լինելու»։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին Թուրքիան ԱՄՆ դեմ բողոք էր ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ ալյումինի և պողպատի ներկրման համար ԱՄՆ սահմանած լրացուցիչ մաքսատուրքերի դեմ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ դատական գործընթացը արդեն սկսվել է։

Թուրք–ամերիկյան հարաբերությունների լարմանը նպաստել են երկու գործոն․ ամերիկացի քրիստոնյա քահանա էնդրյու Բրանսոնի ձերբակալումը, որին, հակառակ ԱՄՆ պահանջների, Թուրքիան հրաժարվում է ազատել՝ հայտարարելով, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Թուրքիայի դատական համակարգի վրա։

Մյուս խնդիրը Թուրքիայի Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումն է, ինչին խիստ դեմ է ՆԱՏՕ-ն, այդ թվում և ԱՄՆ-ը։

Հուլիսից սկսած ԱՄՆ–ը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Նախ՝ ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրեց 2019թ․ պետբյուջեի նախագիծը, որում նշվում էր, որ ԱՄՆ–ը ժամանակավորապես արգելափակելու է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային Ռուսաստանից Ս-400–ներ գնելու պատճառով, հետո պատժամիջոցներ սահմանվեցին Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ, իսկ վերջում ավելացվեցին Թուրքիային մատակարարվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը։

Թուրքիան իր հերթին դիմեց պատասխան պատժամիջոցների նախ ԱՄՆ արդարադատության և ՆԳ նախարարների նկատմամբ, այնուհետև բարձրացրեց ԱՄՆ–ին մատակարարվող ապրանքների մաքսատուրքերը։

Մոտ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 13-ին Թրամփը վավերացրեց F-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման արգելափակումը հաստատող 2019 թ․ պետբյուջեի նախագիծը, որով Պենտագոնը պետք է 90-օրյա ժամկետում ներկայացնի զեկույց թուրք–ամերիկյան հարաբերությունների մասին, որտեղ կնշվի թե Ս–400–ի գնումը ինչպես կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

Օգոստոսի 14-ին Էրդողանը իր ելույթում հորդորեց թուրք քաղաքացիներին չգնել ամերիկյան էլեկտրոնիկա, մասնավորապես iPhone հեռախոսները։ Դրան հետևեցին սոցցանցերում թուրքերի «բոյկոտները» iphone–ի մասին․

Օգոստոսի 17-ին Թուրքիայի դատարանը երրորդ անգամ մերժել է քահանա Բրանսոնի տնային կալանքը հանելու և վերջինիս ԱՄՆ ուղարկելու բողոքը։

Պատժամիջոցների ֆոնին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 20-ին մի քանի զինված անձինք կրակել էին ԱՄՆ դեսպանատան վրա։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ այդ գործով արդեն ձերբակալվել է 2 թուրք կասկածյալ՝ Ահմեդ Չելիքթեն և Օսման Գյունդաշը։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է․ «Թուրքիան դատապարտում է ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը, դա քաոս ստեղծելու համար է արվել․․․ միջադեպը հետաքննվում է, և ամենակարճ ժամանակում կբացահայտվի»․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *