Հունվարի 23-ին Իրանի բանակի զինծառայողները այդ երկրի հարավ-արևելքում անցկացվող «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժության երկրորդ փուլի ընթացքում «Նասր» և «Ղադիր» հականավային թևավոր հրթիռներով խոցել են պայմանական հակառակորդի նավերը: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Վարժանքների առաջին փուլի ընթացքում պայմանական հակառակորդի թիրախները խոցվել են «Լաբբայկ-1» հրթիռով:
Զորավարժության ընթացքում իրականացվել են նաև հարձակողական, առափնյա պաշտպանության, ծովային ականազերծման, դեսանտավորման գործողություններ:
«Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժությունը մեկնարկել է հունվարի 22-ին: Զորավարժությանը ներգրավվել են Իրանի բանակի բոլոր զորատեսակները:
Զորավարժության հայտարարվող նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը, զորատեսակների միջև համագործակցության աստիճանը գնահատելն է: