Հունվարի 22-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալութունը:
Ըստ աղբյուրի՝ քրդական կառույցի զինյալները փորձել են հարձակվել Թուրքիայի սահմանապահ զորամասերի և բազաների վրա:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ հունվարի 22-ին Իրաքի հյուսիսային հատվածներից PKK-ի զինյալները ականանետով կրակել են Չուքուրջա նահանգի բազաներից մեկի վրա, արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինծառայող:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը:
Բացի Թուրքիայի տարածքից, թուրքական ուժայինները գործողություններ են իրականացնում նաև Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քուրդ զինյալների հիմնական ճամբարները:
Ներկայում Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի քրդական ուժերի դեմ Աֆրին նահանգում: Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև YPG-ին, Թուրքիան համարում է PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույցներ»: