ՊԲ-ում ռազմական խորհուրդը ամփոփել է 2017 թվականը

Հունվարի 23-ին անցկացվել է ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թ. ուստարվա արդյունքներն ամփոփող ռազմական խորհրդի նիստ: Նիստը նախագահել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Նիստին մասնակցել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարներն ու առանձին ոլորտների պատասխանատուները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Լևոն Մնացականյանը ներկայացրել է 2017-ի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին անդրադարձող զեկույց:

ՊԲ հաղորդագրության մեջ նշված է.

«Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՊԲ-ում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, որպես ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացների տրամաբանական շարունակություն, ամրապնդվել է առաջնային գիծը, իրականացվել են ինժեներական լրակահավորման ծավալուն աշխատանքներ, կատարելագործվել են կրակային դիրքերը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ղեկավարման համակարգի կատարելագործման, ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացման, ՊԲ-ը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրելու, եղածը արդիականացնելու, զորատեսակների և ստորաբաժանումների փոխգործակցության ու ներդաշնակման և մյուս բոլոր ուղղություններով:

Իհարկե, նշված ժամանակահատվածում, առանձին ոլորտներում արձանագրվել են նաև որոշակի թերացումներ և բացթողումներ, սակայն, դրանց վերացման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքները բացառել են վերը նշված երևույթների բացասական ազդեցությունը բանակի ընդհանուր մարտունակության վրա:

ՊԲ հրամնատարի համոզմամբ՝ հանրապետության զինված ուժերը կատարել են 2017 թվականի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ևս մեկ տարի՝ նաև պայմաններ ստեղծելով ՊԲ-ի հզորացման գործընթացը հետագայում առավել բարձր նշաձողի հասցնելու առումով:

Այնուհետև հրապարակվել է ՊԲ-ի հրամանատարի ամփոփիչ հրամանը, որի համաձայն 2017 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքներով առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զորամասերը, զորատեսակներն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, արժեքավոր նվերներով, պատվոգրերով և դրամական պարգևներով»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *