Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները արդեն սկսել են վերադառնալ Սիրիայից։ Զորքերի դուրսբերման հստակ ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Շոյգուն հայտարարել է, որ ժամկետները որոշվելու են իրավիճակին համապատասխան։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նրանք արդեն սկսել են վերադառնալ, կնայենք ըստ իրավիճակի» , – հայտարարել է Շոյգուն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Այս մասին Պուտինը հայտարարել է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա այցելության ընթացքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտ են ավարտին։ Ռուսաստանը իր ավիախումբը տեղակայել է Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից։ Ռուսաստանյան ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ՌԴ զինուժը Սիրիայում ունեցել է 37 մարդու կորուստ։