ՀՀ նախագահի հրամանագրով կզորակոչվեն և կզորացրվեն պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահը ստորագրել է 2017-ի դեկտեմբերին ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Հրամանագրում նշված է.

1. 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. 2017 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ կառավարությունը ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում, ընդունել էր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում:

Որոշման նախագծում նշված էր, որ զորակոչի ենթակա` ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշման:

Բացի այդ ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *