Մայիսի 7-ին Իրանը Հորմուզի նեղուցում փորձարկել է տեղական արտադրության «Հութ» տորպեդը, սակայն հայտնի չէ՝ փորձարկումը հաջողվել է, թե ոչ։ Այս մասին մայիսի 8-ին հայտնում է ամերիկյան NBS հեռուստալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։
«Հութ» տորպեդները Իրանը առաջին անգամ փորձարկել է 2006 թվականի ապրիլին՝ «Փեյամբար է ազամ» զորավարժության ժամանակ։ Մարտավարատեխնիկական հատկանիշներով այն նման է ռուսաստանյան VA-111 Shkval տորպեդին։ Տորպեդի թիրախի խոցման հեռավորությունը 13կմ է։
Տորպեդի արագությունը 100մ/վ է, ինչը 3-4 անգամ գերազանցում է սովորական տորպեդների արագությանը։
Ավելի վաղ ամերիկյան FoxNews լրատվակայքը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում «Յոնո» դասի սուզանավերից թևավոր հրթիռ է փորձարկել, սակայն փորձարկումը ձախողվել է։
Փետրվարին՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Վելայեթ-95» զորավարժության ժամանակ, Իրանը «Ղադիր» դասի սուզանավից փորձարկել էր տեղական արտադրության «Վալֆաջր» տորպեդը։