Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերի հրամանատարների՝ սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալների և ծառայությունների պետերի մասնակցությամբ անցկացվել է եռօրյա հավաք: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:
Հավաքից հետո զորամասերում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի անցման աշխատանքներ, որոնք ավարտվել են:
Հավաքի շրջանակներում ցուցադրական պարապմունք է անցկացվել: Ուսումնական կետերը համալրված են սպառազինությամբ, տեխնիկայով, վառելիքաքսուքային նյութերով, համապատասխան գործիքներով, անհրաժեշտ այլ նյութերով: Թեմաները տարբեր էին՝ զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի անցնելու առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի սպասարկման կարգը և այլն:
Ավելի վաղ՝ ապրիլին, ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել էին զինտեխնիկայի սպասարկման դասընթացներ, որոնց ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ուսումնասիրվել են սպառազինության և զինտեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքների կարգն ու հերթականությունը: