Մայիսի 9-ին Սիրիայում կռվող զինյալ, ընդդիմադիր խմբավորումների 1022 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Դամասկոսի Բարզեհ թաղամասից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Դամասկոսի նահանգապետ Բիշր ալ-Սաբբանին:
Ըստ զինյալ խմբավորումների և Սիրիայի կառավարության միջև համաձայնության՝ զինյալների առաջին խումբը արդեն լքել է Բարզեհ թաղամասը և հեռացել է Սիրիայի հյուսիս՝ Իդլիբ նահանգ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ Դամասկոսի այդ թաղամասից դուրս է գալու մոտ 8000 զինյալ:
Դամասկոսի նահանգապետը հայտարարել է, որ զինյալների դուրս բերման գործընթացը Բարզեհից շարունակվելու է առաջիկա շաբաթների ընթացքում մինչև, որ ամբողջ թաղամասը կազատվի զինյալ խմբավորումներից: Նրանք, ովքեր հրաժարվել են զենքը վայր դնել ուղարկվում են Իդլիբ, իսկ նրանք, ովքեր կհամաձայնվեն զենքը վայր դնել ներում կշնորհվի: Զինյալների դուրս բերումից հետո այն ամբողջությամբ կանցնի Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո:
Մայիսի 4-ին Աստանայում Սիրիայի կառավարության և բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու մասին համաձայնագիր:
Համաձայնագրի կատարման երաշխավորի դերը ստանձնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Իրանի մասնակցությունը որոշ սուննի խմբավորումների դժգոհությունն է առաջացրել:
Հավելենք, որ Ռուսաստանը մայիսի 8-ին համաձայնագրի շրջանակներում բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Համաձայնագիրը ֆորմալ առումով ուժի մեջ է մտել մայիսի 6-ին: