Իրանը թևավոր հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել սուզանավից.FoxNews

Մայիսի 2-ին Իրանը Հորմուզի նեղուցում «Յոնո» դասի սուզանավերից թևավոր հրթիռ է փորձարկել, սակայն փորձարկումը ձախողվել է։ Այս մասին մայիսի 3-ին հայտնում է ամերիկյան  FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։

Իրանական կողմը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

«Ղադիր» դասի սուզանավ. Իրանի ԶՈւ

«Ղադիր» դասի սուզանավ. Իրանի ԶՈւ

«Յոնո» դասի սուզանավերը հյուսիսկորեական արտադրության փոքր տիպի սուզանավեր են։«Յոնոյի» իրանական տարբերակը «Ղադիր» դասի սուզանավերն են։

Ավելի վաղ՝ մարտին,  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձարկել էր տեղական արտադրության «Հորմոզ-2» հականավային հրթիռը։ Այն խոցել է 250կմ հեռավորության վրա գտնվող լողացող հարթակը։

Մինչ այդ  Իրանում հականավային հրթիռների փորձարկման մասին էր հայտնել FoxNews-ը։ Ըստ լրատվակայքի՝ մարտի 4-ին և 5-ին Իրանը փորձարկել է «Ֆաթեհ-110» դասի հրթիռներ, իսկ ըստ  Janes ռազմական հանդեսի՝ իրանցիները հավանաբար փորձարկել են «Ֆաթեհ-110»-ի մոդիֆիկացիաներից «Խալիջ է Ֆարս» հականավային հրթիռը։

Հիշեցնենք, 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *