Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մտադիր են վերաստեղծել զորքերի մարտական պատրաստության համակարգ, որը կվերահսկի ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով «Կոմերսանտ» թերթին:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ում գործել է մարտական պատրաստության հատուկ վարչություն, որը, սակայն, լուծարվել է 2009 թվականի բարեփոխումների ժամանակ: Այժմ ՊՆ-ում մտադիր են այդ ուղղությանը հատուկ ուշադրություն դարձնել:
Պաշտպանության ոլորտում պետական պատվերի հարցը, որը նախկինում կարգավորում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսուհետ կհամակարգի տեղակալներից մեկը: Առայժմ որոշված չէ, թե հատկապես ով, սակայն հայտնի է, որ սպառազինությունների պետի պաշտոնը կլինի քաղաքացիական:
Պաշտպանության նախարարությունում նախատեսվում է նաև ստեղծել գիտության գծով տեղակալի պաշտոն, որն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Օլեգ Օստապենկոն:
Ըստ թերթի, առաջիկայում նախարարությունում սպասվում են նոր պաշտոնանկություններ ևս: Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՆ ֆինանսների և բնակարանապահովման գծով տեղակալ Տատյանա Շևցովան արդեն պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
Թերթը հավելում է, որ ՊՆ կադրերի գլխավոր վարչությունում արդեն պատրաստվում է ՊՆ ինֆորմացիոն-տեխնիկական քաղաքականության գծով տեղակալ Դմիտրի Չուշկինի աշխատանքից ազատման հրամանը:
ՊՆ նախկին նախարար Սերդյուկովի օրոք նշանակված տեղակալներից վերջինի՝ Ելենա Կոզլովայի «հարցը կլուծվի» հաջորդ շաբաթվա ընթացքում:
Չնայած կադրային լուրջ փոփոխություններին՝ ՌԴ ՊՆ երեք փոխնախարարներ՝ միջգերատեսչական կապերի հարցերով փոխնախարար Նիկոլայ Պանկովը, թիկունքի զորքերի վերահսկման պատասխանատու Դմիտրի Բուլգակովը և միջազգային կապերի պատասխանատու Անատոլի Անտոնովը կշարունակեն պաշտոնավարել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին և այդ պաշտոնում նշանակել Սերգեյ Շոյգուին:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի պաշտոնից, Արկադի Բախինը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի զորքերի հրամանատարի պաշտոնից, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով ՌԴ Օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի պաշտոնից:
Աղբյուրներ՝ http://ria.ru/forces/20121110/910274102.html
http://razm.info/9553
http://razm.info/9393