Անատոլի Սերդյուկովն ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է Անատոլի Սերդյուկովին և նրա փոխարեն նշանակել Մոսկվայի նահանգապետ Սերգեյ Շոյգուին, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել էր արտակարգ իրավիճակներին նախարարի պաշտոնը։

Նորանշանակ նախարարի հետ առանձնազրույցում Պուտինն ասել է, որ որոշումը պայմանավորված է պաշտպանության նախարարության շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակով և բոլոր հարցերի օբյեկտիվ հետաքննությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմաքննչական վարչությունը ՌԴ ՊՆ ենթակայությամբ գործող «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ում կատարված խուզարկությունների արդյունքում «Օբորոնսերվիսին» պատկանող անշարժ գույքի, հողային տարածքների և բաժնեմասերի իրացման ընթացքում կատարած խարդախության մեղադրանքով քրեական հինգ գործ էր հարուցել, իսկ գործով անցնող անձիք հիմնականում Սերդյուկովի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ էին։

Անատոլի Սերդյուկովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2007 թվականին, իսկ 2012-ին վերանշանակվել էր այդ պաշտոնում։ Այս տարիների ընթացքում նա բազմիցս խիստ քննադատության էր ենթարկվել Ռուսաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռուս-վրացական պատերազմի ժամանակ թույլ տրված բացթողումների և ռազմական գերատեսչության ոչ արդյունավետ կառավարման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *