ՊՆ-ի պարզաբանումը զինծառայող Արթուր Քոչարյանի վերաբերյալ

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է համացանցում “Չենք լռելու” նախաձեռնության տարածած տեսահոլովակին, որում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը և նրա կինը պատմում են իրենց զինծառայող որդու հիվանդության և «ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին»:

ՊՆ հաղորդագրության մեջ ասված է. «ՊՆ-ն, լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը, և ըմբռնումով մոտենալով նրանց` առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար, տեղեկացնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով, պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր»:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ինչպես Արթուր Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, հոդված 33):

Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *