Դեկտեմբեի 27-ին հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 21-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ վիրավորված Թուրքիայի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մուհամմեդ Բոզարսլանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Զինծառայողը Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգից էր:
Այսպիսով դեկտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների և Թուրքիայի ԶՈւ զինծառայողների բախումների արդյունքում սպանվածների թիվը հասավ 17-ի:
Միևնույն ժամանակ թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի օդուժը Ալ-Բաբի մոտակայքում ոչնչացրել է 158 թիրախ և «շարքից հանել է» ԻՊ 13 զինյալի:
Դեկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է ավելի վաղ վիրավորված պայմանագրային զինծառայողներից Մեհմեթ Ունալը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԶՈւ-ն ինտենսիվ բախումների է գնում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում: Ալ-Բաբը շատ կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայում՝ այդ երկրի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից, և Թուրքիայի զինուժը փորձում է ամեն կերպ վերահսկողություն սահմանել Ալ-Բաբում: Այն հատկապես կարևոր է Թուրքիայի համար, քանի որ փակում է ճանապարհը քրդական երկու ինքնավար շրջանների միջև:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի դեկտեմբերի 24-ի իր ելույթում նշել է Սիրիայում իրենց ռազմական գործողությունների 3 գլխավոր պատճառները, որոնց թվում է նաև Սիրիայի տարածքում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միավորմանը խոչընդոտելն է:
Անդրադառնալով ԻՊ դեմ բախումներում թուրքական զինուժի կորուստներին՝ նշենք, որ մասնավորապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանք կտրուկ աճել են: Միևնույն ժամանակ Թուրքիան մեծացնում է իր զինծառայողների թվաքանակը Թուրքիայում, մասնավորապես սեկտեմբերի 26-ին երկրի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադից շուրջ 500 զինծառայող է ուղարկվել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր:
Razm.info-ի արձանագրած Թուրքիայի ԶՈւ կորուստները այստեղ.