ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան անցած երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 50 հազար զինյալի: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի անանուն աղբյուրը, փոխանցում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ Իրաքի բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։
Ներկայումս ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներով ակտիվորեն մասնակցում է Մոսուլի՝ ահաբեկիչներից ազատագրման գործողությանը, որի մեկնարկի մասին հոկտեմբերի 17-ին հեռուստատեսությամբ հայտարարել էր Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին։
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Ավստրալիան,Գերմանիան, Դանիան, Բելգիան, Կանադան, Իտալիան,Հոլանդիան և Մարոկկոն :