Նոյեմբերի 28-ին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռոստովի շրջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համատեղ ընկերություններ ստեղծելու հարցում:
Նույն օրը պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է «Ռոսվերտոլ» ուղղաթիռաշինական գործարանում, այցելել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) շտաբ, հանդիպել հրամանատարությանը, ծանոթացել հրամանատարական ղեկավարման կետի աշխատանքին:
Այս մասին մեզ հայտնել է Razm.info լրատվակայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ով Ռուսաստան է մեկնել հայկական պատվիրակության հետ:

Հայկական պատվիրակությունը Ռոստովի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ (ձախից աջ՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան, առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, նախարար, Դ. Ռոստովում ՀՀ հյուպատոս և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան

Ռուսաստանյան պատվիրակությունը. կենտրոնում՝ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, նրանից աջ՝ ՀՌՇ հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը, ՌԴ ԶՈւ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Եվգենի Իլյինը
ՀՌՇ շտաբում կայացած հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը բանակցություններ է վարել ռազմական շրջանի զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաև ծանոթացել Ռուսաստանի պաշտպանության հարավային տարածաշրջանային ղեկավարման կենտրոնի կառուցվածքին։
Փակ խորհրդակցություն ընթացքում, ենթադրվում է, որ հիմնական թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի գործունեության քննարկումը:
Հանդիպման բաց մասում նշվել է, որ հարավային ռազմական շրջանը պատասխանատու է Ռուսաստանի հարավային հատվածում, Ղրիմում, Սիրիայում, Հարավային Կովկասում, այդ թվում՝ նաև Հայաստանում տեղակայված զորախմբերի, ռազմաբազաների գործողությունների ղեկավարման, համակարգման համար: Դատելով ղեկավարման կետի աշխատանքից՝ կենտրոնի միջոցով շտաբից հաջողվում է ուղիղ կապ պահպանել բոլոր նշված ստորաբաժանումների հետ, ինչպես նաև հետևել մամուլում կատարվող հրապարակումներին:
Ռուսաստանի՝ ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ընկերություն այցի ընթացքում լրագրողների մուտքը չի թույլատրվել: Նշվում է, որ նախարարին ներկայացվել են ուղղաթիռներ որոշ մոդելներ, սակայն այլ մանրամասները հայտնի չեն: Նշենք, որ «Ռոսվերտոլը» «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի արտադրական ընկերությունն է, որտեղ հավաքվում են նաև «Մի» դասի հայտնի ուղղաթիռները:

Պաշտպանության նախարարը ծանոթանում է Ռուսաստանի պաշտպանության հարավային տարածաշրջանային կառավարման կենտրոնի աշխատանքին
ՀՌՇ հրամանատարության հետ հանդիպմանը մասնակցել են ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը, ՌԴ ԶՈւ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Եվգենի Իլինը:
Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Հանդիպման ընթացքում նշել են, որ ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ներկա չի եղել, քանի որ շտապ մեկնել է Սիրիա: Ավելացնենք, որ ներկայումս Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ սկսել են Հալեպի գրավման գործողությունները: Ենթադրվում է, որ Դվորնիկովը հենց այդ նպատակով է մեկնել:
Ավելացնենք, որ Դվորնիկովը մինչ այս պաշտոնին անցնելը 2015 թ․ սեպտեմբերից 2016 թ․ հուլիսը ղեկավարել է Սիրիայում Ռուսաստանի զորախումբը։ Նշենք, որ այս ռազմական շրջանի կազմում է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-30-ին Ռուսաստան այցի օրերին, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:
Ավելացնենք, որ ինչպես նշել է Վիգեն Սարգսյանը, միացյալ զորախումբը վաղուց գոյություն ունի, և սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զորախմբի կազմավորման օր․ 2000 թվականի այդ օրը Սոչիում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիրը»։
Pingback: Միացյալ զորախումբն ուշադրության տակ կպահի մի քանի ուղղություն | Ռազմ.info
Pingback: Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը | Ռազմ.info