Միացյալ զորախումբն ուշադրության տակ կպահի մի քանի ուղղություն

Նոյեմբերի 28-ին  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հայկական համայնքի ներկայացուցիչների, ՌԴ պետդումայի և Դաշնության խորհրդի որոշ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է, որ 2016 թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ ԶՈւ նոր սպառազինության միայն մի մասը։

Այս մասին մեզ հայտնել է Razm.info լրատվակայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ով Ռուսաստան է մեկնել հայկական պատվիրակության հետ:

Պաշտպանության նախարարը նաև խոսել է հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության հիմնական ոլորտների մասին՝ նշելով, որ վերջին տարիներին Թուրքիայի անպատասխանատու գործողությունները տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակ են ստեղծել։

Սարգսյանը հավելել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։

Ըստ այդմ՝ չափազանցություն չի լինի նշելը, որ պաշտպանության նախարարն ակնարկել է, որ միացյալ զորախումբը պետք է արձագանքի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի այն գործողություններին, որոնք կարող են տանել տարածաշրջանում անկայուն իրավիճակի ստեղծմանը։

Ընդ որում՝ ուշագրավ է, որ նախարարի այս հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ղեկավարության հետ հայկական պատվիրակության փակ հանդպիումը։

Ավելացնենք նաև, որ Ռուսաստան այցի շրջանակներում պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին հանդիպել էր նաև ՌԴ Ռոստովի շրջանի նահանգապետին: Հանդիպման ըթնացքում նա նշել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Ռոստովի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ:

Նույն օրը նախարարն այցելել էր ռուսաստանյան ուղղաթիռաշինական «Ռոստվերտոլ» ձեռնարկություն, որը նույնպես անցել էր փակ ու առանց լրագրողների։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան տևելու էմինչև նոյեմբերի 30-ը, նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների և այլ պաշտոնյաների հետ: Ստորագրվելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, հայ-ռուսական և հայ-բելառուսական ռազմական համագործակցության 2017 թ. ծրագրերը:

2 responses to “Միացյալ զորախումբն ուշադրության տակ կպահի մի քանի ուղղություն

  1. Pingback: Մոսկվայում ստորագրվել է ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագիրը | Ռազմ.info

  2. Pingback: Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *