Նոյեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միևնույն հերթափոխում:
Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջև առաջացել է վիճաբանություն՝ Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով: Վիճաբանողները հայհոյել են միմյանց, ապա նաև՝ կրակոց է արձակվել Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին:
Տեսնելով, որ Բալեյանը արնահոսում է՝ Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:
Ա. Ներսեսյանը ձերբակալվել է: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներում):
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info