Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուս֊աբխազական միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վավերացման օրենքը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահական կայքը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի Պետդուման վավերացրել էր Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը։ Օրենքի նախագիծը ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զորախմբի կազմի մեջ մտնում են Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազան և Աբխազիայի զինված ուժերի 2 մոտոհրաձգային գումարտակ, հրետանային և ավիացիոն զորախմբեր և հատուկ նշանակության ջոկատ։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, ինչպես փոխանցում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դատապարտել էր համաձայնագիրը։ Մասնավորապես նա միջազգային հանրությանը կոչ էր արել արձագանքել «Աբխազիայում օկուպանտների ներկայության օրինականացմանը, որը տարածաշրջանում ապակայունացնում է իրավիճակը»։