Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ-ի դերակատարությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցման, համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման գործում:
Մայքլ Քարփենթրը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը և հայ խաղաղապահների առաքելությունը տարբեր տարածաշրջաններում` Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակում ամերիկյան պատվիրակությունն այցելել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ, ինչպես նաև հանդիպել է ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգչական կազմի և մեթոդաբանական օժանդակություն տրամադրող ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների խմբի հետ:
Պատվիրակությանն ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ նմանատիպ այցով Մայքլ Քարփենթերը Ադրբեջանում էր հոկտեմբերի 31-ին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ավելացնենք, որ Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են հիմնականում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության ոլորտներում: Իսկ ԱՄՆ` Հայաստանին տրամադրած ռազմական օգնության ծավալներին կարող եք ծանոթանալ այստեղ: