Օգոստոսի 12–14 Արցախի կառավարության հրավերով առաջնագծի դիրքեր այցելեցին ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Այցի նպատակն էր ծանոթանալ ապրիլյան մարտերից հետո պաշտպանական ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքին, այդ թվում և տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, ենթակառուցվածքի բարելավման ու ընդլայնման աշխատանքներին։
«Փոփոխություններն ակնհայտ են։ 2014 թ. այցելածս դիրքերից մեկն ուղղակի չճանաչեցի, լրիվ փոխվել էր. նոր խրամատներ, հողապատնեշներ։ Այս պահին աշխատանք է տարվում շփման գծի հարավային՝ ամենաշոգ հատվածի դիրքերում խմելու ջուր անցկացնելու համար։ Ամռանն այդ շրջանում երբևէ եղած ցանկացած մարդ կհասկանա, թե ինչ կարևոր խնդիր է լուծվում», — հայտնեց Վրթանեսյանը։
«Հորադիսից մինչև Թալիշ մի քանի դիրքեր ենք այցելել. հենակետերում տեղադրվում են տեսահսկման համակարգեր (ներառյալ գիշերային մշտադիտարկման), դիրքապահների մոտ ավելացվում է գիշերային նշանոցների թիվը», — հավելեց նա։
Ըստ էության այսօր Արցախում ստեղծվում է զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — C4ISR) ժամանակակից համակարգ։
Քանի որ այդ սարքավորման շահագործումը ենթադրում է նաև մարտկոցների լիցքավորում, աշխատանքներ են տարվում դիրքերը էլեկտրաէներգիայի աղբյուրներով ապահովելու համար՝ սկսած էլեկտրահաղորդման ուղիների անցկացումից, վերջացրած արևային մարտկոցներով և դիզելային գեներատորներով հիբրիդ համակարգերով։
«Ինչպես մեզ պատմեցին՝ տեխնիկական վերազինման գործընթացը սկսվել էր մինչ ապրիլյան մարտերը։ Որոշ հատվածներում այդ սարքավորման կիրառումը լուրջ դեր է ունեցել մեր կողմից նվազագույն կորուստներով հակառակորդին ջախջախելու գործում։ Հասկանալի պատճառներով ապրիլից հետո տեխնիկական վերազինումը շատ ավելի թափով է ընթանում՝ նաև հաշվի առնելով մարտական պայմաններում այդ տեխնիկայի կիրառման թարմ փորձը», — նշեց Վրթանեսյանը։
Աշխատանքները ֆինանսավորվում են Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին հանգանակված դրամով, հանրապետության բյուջեի միջոցներով, ինչպես նաև մասնավոր ընկերությունների և անհատների նվիրատվություններով։ Հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի եռամսյա հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Արցախի կառավարության կայքում, իսկ ֆինանսների նախարարության կայքում առցանց հանգանակություն կատարել։
Այցին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հովհաննես Սահակյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնի ղեկավար Մասիս Մայիլյանը, Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, «Արցախպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վահրամ Պողոսյանը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Արցախի բյուջեից 1,5 մլրդ դրամ կուղղվի ՊԲ դիրքերի կահավորմանը | Ռազմ.info