Օգոստոսի 8-ին Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են ամերիկյան Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրության 4 միավոր F-16 կործանիչ, որը Իրաքին փոխանցված կործանիչների երրորդ խմբաքանակն է: Այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press գործակալությունը:
Լուրը հաստատել է նաև Իրաքի պաշտպանության նախարարության բրիգադային գեներալ Թահսին Իբրահիմը, սակայն կործանիչների մասին ավելին չի մանրամասնել: Այնուամենայնիվ, Militaryaviationreview.com-ի տվյալներով՝ 4 կործանիչներից երեքը F-16C մեկտեղանոց, մեկը՝ F-16D երկտեղանոց կործանիչներ են: Մինչ օրս Իրաքն արդեն ստացել է 10 միավոր F-16 կործանիչ, որոնցից մեկը կործանվել է:
بحضور قائد القوة الجوية العراق يتسلم الوجبة الثالثة من مقاتلات F16 بعدد 4 مقاتلات من الولايات المتحدة pic.twitter.com/plQtzwVXno
— IRAQI AIR FORCE (@Iraqiairforce) August 8, 2016
Կործանիչների առաջին փաթեթը՝ թվով 4 միավոր F-16 կործանիչներ, Իրաքը ստացել է 2015 թվականի հուլիսին: 2016 թվականի փետրվարի 2-ին Իրաք է հասել ևս երկու միավոր F-16C կործանիչ: Փոխանցված կործանիչներից մեկը հունիսի 24-ին կործանվել է օդում վարժություն կատարելու ընթացքում՝ վառելանյութով վերալիցքավորվելու ժամանակ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Իրաքը ահաբեկիչների դեմ պայքարի համար Իրանից և Ռուսաստանից ձեռք էր բերել նաև Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ:
Նշենք, որ Իրաքը 2011-ին ու 2012-ին ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ կնքել է F-16 կործանիչների գնման պայմանագրեր, ըստ որոնց՝ 2014-ի սեպտեմբերից մինչև 2017 թվականի ավարտն Իրաքի օդային ուժեր է մատակարարվելու36 միավոր F-16: Սակայն նախատեսված էր, որ ինքնաթիռները պիտի փոխանցվեին երկու՝ 18-ական խմբաքանակով: Իրաքը վճարելու է շուրջ 5,3 մլրդ ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ F-16 կործանիչը շահագործման է հանձնվել 1978-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 200 մետր է։ Սպառազինությունում այն ունի 20 մմ-անոց մեկ հրանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի և հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։