Իրաքն այսօր ստացել է ամերիկյան Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրության 4 միավոր F-16 կործանիչ: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի գրասենյակին:
F-16 կործանիչների խմբաքանակի առաջին միավորը Իրաքի զինված ուժերին փոխանցելու արարողությունն ԱՄՆ-ում կայացել է դեռևս 2014-ի հունիսի 5-ին։ Նախատեսվում էր կործանիչների 18-միավորանոց խմբաքանակի առաջին ինքնաթիռը Իրաք հասցնել նույն թվականի սեպտեմբերին, ինչը, սակայն, հետաձգվում էր:
Արդյունքում 2014-ի հունիսի երկրորդ կեսին Իրաքը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու համար, արագացված կարգով ՌԴ-ից գնեց Սու-25 գրոհիչներ, որոնք անմիջապես մատակարարվել են Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում: Նույն տարվա հուլիսի սկբներին Իրաքը Սու-25-եր է ստացել նաև Իրանից:
Նշենք, որ Իրաքը 2011-ին ու 2012-ին ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ կնքել է F-16 կործանիչների գնման պայմանագրեր, ըստ որոնց՝ 2014-ի սեպտեմբերից մինչև 2017 թվականի ավարտն ամերիկյան ընկերությունն Իրաքի զինված ուժերին է մատակարարելու F-16-երի 36 միավոր։ Ամերիկյան արտադրողն ինքնաթիռները պիտի փոխանցեր 18-միավորանոց երկու խմբաքանակներով, որոնց կազմում նախատեսվում էին 12 միավոր F-16C մեկտեղանոց ու 6 միավոր F-16D երկտեղանոց կործանիչներ: Հայտնի է նաև, որ ողջ մատակարարումների համար Իրաքը վճարելու է շուրջ 5,3 մլրդ ամերիկյան դոլար:
Ուշագրավ է, որ վերջին 10 տարիներին սա առաջին դեպքն է, երբ Իրաքի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համալրվում են կործանիչներով։
Հարկ է նշել, որ մինչև Պարսից ծոցի պատերազմն Իրաքի ՌՕՈւ-ն ամենահամալրվածներից մեկն էր Մերձավոր Արևելքի երկրների շարքում։
Սակայն 1991-ին դաշնակից ուժերը ոչնչացրին իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը, իսկ այն ինքնաթիռները, որոնք մնացին մարտունակ, իրենց վախճանը գտան 2003-ի երկրորդ պատերազմի ժամանակ։ Իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը կազմում էին խորհրդային ինքնաթիռներն ի դեմս Սու-25 գրոհիչների, սակայն 2005-ին ընդունվեց ՌՕՈւ զարգացման պլան, որի շրջանակներում շեշտը դրվեց արդեն արևմտյան ավիաարտադրողների վրա։
Հավելենք, որ ամերիկյան F-16 կործանիչը շահագործման են հանձնել 1978-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 200 մետր է։ Սպառազինությունում այն ունի 20 մմ-անոց մեկ հրանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի և հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։
Pingback: Իրաքն ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչների երրորդ խմբաքանակը | Ռազմ.info