Հուլիսի 29-ին Հնդկաստանի ՌԾՈւ-ն և ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ»-ը Հնդկաստանի՝ ռուսաստանյան արտադրության 10 միավոր К-28 հականավային ուղղաթիռներ արդիականացնելու շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտնել են ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը և ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտի հետազոտությունների կենտրոն»-ը:
К-28 ուղղաթիռը ռուսական К-27 հականավային ուղղաթիռի արտահանման տարբերակն է, որի հիմնական խնդիրը սուզանավերի որոնումը, հայտաբերումը և ոչնչացումն է: Հնդկաստանը 10 К-28 ուղղաթիռները ձեռք էր բերել դեռ 1980-ականներին: Ներկայումս այդ ուղղաթիռներից միայն 4-ն են ենթակա շահագործման, սակայն դրանք ևս արդիականացման կարիք ունեն:

Հնդկաստանի ՌԾՈւ К-28 հականավային ուղղաթիռ
Ուղղաթիռները արդիականացնելու բանակացությունները ռուսաստանյան կողմի հետ սկսվել էին դեռևս 2008-ին, սակայն ընթացքում որոշակի խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին: Վերջնական պայմանագիրը ստորագրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի անձնական միջամտության արդյունքում:
Հնդկաստանի ՌԾՈւ պաշտոնյաներից մեկը Defense News-ին հայտնել էր, որ երկրի ռազմածովային ուժերը հականավային ուղղաթիռների պակաս ունեն և մնացել են 1980-ականների ռուսական ուղղաթիռների հույսին, 16 միավոր ամերիկյան WS-61 Sea King Sikorsky ուղղաթիռները նույնպես հնացել են և անհապաղ արդիականացման կարիք ունեն:
Թեև ուղղաթիռներն արդիականացնելու է ռուսաստանյան ընկերությունը, սակայն վերանոգորգման վերջին փուլը, այդ թվում՝ եվրոպական արտադրության որոշակի սարքավորումների տեղադրումն իրականացվելու են Հնդկաստանի «Վիշախապատամ» ռազմածովային բազայի տարածքում: Հնդկաստանում հավաքելու հիմնական պատճառը Ռուսաստանի հանդեպ կիրառվող եվրոպական պատժամիջոցներն են, որոնց պատճառով ՌԴ-ն չի կարող ներկրել եվրոպական արտադրության որոշակի ռազմական նշանակության արտադրանք:
Ուղղաթիռները նախ կուղարկվեն ռուսաստանյան «Կումերտաուսյան ավիաարդյունաբերական ձեռնարկություն» ընկերության գործարան, որտեղ կվերանորոգվեն և կանցնեն տեխնիկական սպասարկում, ապա կվերադարձվեն Հնդկաստան, որտեղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության մասնագետները կտեղադրեն սենսորները և կիրականացնեն վերջնական հավաքումը:
Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցները շրջանցելու նպատակով եվրոպական սարքավորումները կներկրի Հնդկաստանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info