Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք:
Մահացածներից 3-ն էլ եղել են զինված ուժերի զինծառայողներ: Նրանցից 2-ը մարտական կորսուտներ են, մեկը վիրավորվել էր ապրիլյան մարտերում, այնուհետև, կոմայից դուրս չգալով, մահացել:
.Հուլիսի 5-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալիև Վյուսալ Էմիր օղլուն (Əliyev Vüsal Əmir oğlu): Ադրբեջանի ՊՆ հայտնում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին, սակայն հայկական կողմը հերքել էր այդ լուրը: Ռազմինֆոյի տվյալներով՝ Վյուսալ Ալիևը ծնվել էր 1996-ին և բանակ էր զորակոչվել 2016-ի հունվարին:
.Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, ենթասպա, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu): Ռահիմ Թաղիևը զինվորական ծառայության էր անցել 1998-ին: Նա մասնակցել էր Թարթառի շրջանում ընթացող մարտերին և ապրիլի 2-ին վիրավորվել:
Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»: Սակայն առավել վաղ հայկական կողմը հայտնել էր նույն ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
Մամեդով Թողրուլը Աղդամի շրջանի զորամասերից մեկի ականազերծման վաշտի հրամանատար էր:
Նախնական տվյալներով Ադրբեջանի ԶՈւ և պաշտպանական համակարգի՝ Ռազմինֆոյին հայտնի կորուստները 2016-ի սկզբից կազմում են շուրջ 126 զինծառայող:
Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info