Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ռազմինֆոն, այսօր Ղազախստանի «Իլիսկի», «Շոշկալա» և «Բերեգ» փորձադաշտերում մեկնարկում է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» խաղապահ զորավարժությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրի՝ զորավարժությունում ներգրավված են ավելի քան հազար զինծառայողներ Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի մոտոհրաձգային, դեսանտագրոհային, լեռնահրաձգային և այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև շուրջ 70 միավոր ավտոմեքենա, 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 Մի-17 (արդիականացված Մի-8) ուղղաթիռ:

«Անխախտ եղբայրություն-2012»-ը կընթանա երկու փուլով. նախ՝ կձևավորվի միասնական հրամանատարություն, այնուհետև կմշակվի խաղաղապահ գործողությունների իրականացման տեխնիկա:

Ըստ զորավարժության սցենարի՝ գործողությունները կծավալվեն ՀԱՊԿ անդամ հանդիսացող պայմանական երկրում, ուր միջազգային ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների գործունեության և էթնիկ բախումների հետևանքով ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:

Որպես զորավարժության դիտորդներ հրավիրված են նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *