Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հուլիսի 21-ին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ նախորդ հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի նախորդ՝ 10-րդ նիստն անցկացվել է 2016-ի հունվարին, քննարկվել են հետևյալ հարցերը.
- ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում,
- ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծում,
- ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցություն,
- ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում:
Նախորդ նիստի ժամանակ նախատեսված էր քննարկել նաև Հայաստանին զրահատանկային, հրթիռա-հրետանային և այլ սպառազինությունների մատակարարման, սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային և ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման և վերազինման հարցեր։
Մասնավորապես հայաստանյան News.am կայքը հայտնել էր, որ կողմերը կքննարկեն Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ-76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների՝ Հայաստանում անցկացվելիք ցուցահանդեսին, ապա այն անցկացվելու է հոկտեմբերին՝ Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի միջոցառումների շրջանակներում:
Օրեր առաջ հրապարակվել է ցուցահանդեսին ներկայացվելիք արտադրանքի բաժինների ցանկը: Իսկ ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնելու են Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունները: