Հուլիսի 21-ին Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է բանակի հրամանատարությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Զորավարժությունն անցկացվել է հուլիսի 18-ից ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում:
Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով:
Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը՝ շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները, հայկական ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի՝ վերականգնել են կորցրած դիրքերը:
Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորավարժության առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ այն անցկացվում է՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները: