Հայկական զորախումբը մեկնել է «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին մասնակցելու համար մեկնել են Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ (արխիվ)

Զորախումբը Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում հուլիսի 30-ից մեկնարկող միջոցառումներին:

Տանկային բիաթլոնի ժամանակ Հայաստանի մրցակիցներն են լինելու մի շարք երկրների հավաքականներ, այդ թվում նաև Ադրբեջանի և Իրանի: Մասնակիցների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այս հոդվածից:

«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին մասնակցելու են 21 երկիր, որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։ Մրցույթն այս ձևաչափով անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ «տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ:

Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *