Ովքեր են Հայաստանի մրցակիցները Տանկային բիաթլոն-2016 մրցույթում

Հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղերին» Հայաստաննը մասնակցելու է տանկային բիաթլոնի և հատուկ նշանակության ստորաբաժանումների մրցույթներին: Ինչպես ավելի վաղ նշել էինք, տանկային բիաթլոնի ժամանակ Հայաստանի մրցակիցներն են լինելու նաև Ադրբեջանը և Իրանը:

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը (արխիվ, 2015)

Հոդվածում կներկայացնենք, թե էլ որ պետություններն են Հայաստանի մրցակիցները և ինչ հաջողություններ են ունեցել մինչև հիմա:

Ադրբեջանը, որի հետ Հայաստանի մրցակցությունը հատկապես հետաքրքիր է լինելու, տանկային բիաթլոնին մասնակցում է առաջին անգամ, թեև մասնակցելու ցանկության մասին ադրբեջանցիները հայտել էին նաև 2015-ի մրցույթից առաջ: Ավելին, Ադրբեջանում տանկիստները մարզվում են դեռևս 2015-ի սկզբից և հատուկ դրա համար սարքավորել են տանկային բիաթլոնի երթուղիներ:

Իրանը նույնպես տանկային բիաթլոնին մասնակցում է առաջին անգամ:

Ռուսաստանը, լինելով տանկային բիաթլոնի և ընդհանուր «Միջազգային բանակային խաղերի» հիմնադիր, բոլոր մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մրցույթը Ռուսաստանում անցկացվում է 2013 թվականից:

Ղազախստանն այս մրցույթին մասնակցում է 2013 թվականից և լուրջ մրցակից է եղել Հայաստանի համար: 2013-ին զբաղեցրել է երկրորդ տեղը (մասնակից մյուս երկրներն էին Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը): 2014-ին երկիրը զբաղեցրել է 4-րդ տեղը (մասնակցում էր 12 պետություն): 2015-ին էլ Ղազախստանի տանկիստները մրցույթում գրավել են 4-րդ տեղը (մասնակցում էր 13 պետություն):

Չինաստանը տանկային բիաթլոնի մրցումներին մասնակցում է 2014 թվականից և հենց առաջին մրցույթին գրավել է երրորդ տեղը: Հաջորդ տարի՝ 2015-ին, չինացի տանկիստներն արդեն գրավել են երկրորդ տեղը: Այս երկիրը միակն է, որ տանկային բիաթլոնի մրցումներին մասնակցել է սեփական, ոչ թե Ռուսաստանի տրամադրած տանկով:

Բելառուսը տանկային բիաթլոնին մասնակցում է 2013 և 2014 թվականներին և համապատասխանաբար զբաղեցրել է երրորդ և հինգերորդ տեղերը:

Սերբիան Հայաստանի մյուս լուրջ մրցակիցներից մեկն է: Երկիրը մրցույթին մասնակցում է 2014 թվականից: Առաջին անգամ՝ 2014-ին, զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ արդեն 2015-ին՝ 3-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին և Չինաստանին:

Հնդկաստանը տանկային բիաթլոնին մասնակցել է նաև 2014-2015 թվականներին և գրավել է համապատասխանաբար վեցերորդ և հինգերորդ տեղերը:

Ղրղզստանը մասնակցել է տանկային բիաթլոնի 2014 և 2015 թվականների մրցումներին և զբաղեցրել է յոթերորդ և վեցերորդ տեղերը:

Տաջիկստանի միակ մասնակցությունը մրցույթին եղել է 2015 թվականին: Երկիրը զբաղեցրել է 7-րդ տեղը:

Մոնղոլիան մրցույթին մասնակցել է նաև 2014-2015 թվականներին և զբաղեցրել է 9-10-րդ հորիզոնականները:

Վենեսուելան տանկային բիաթլոնին մասնակցել է նաև 2014-2015 թվականներին, սակայն էական հաջողություններ այս մրցույթում չի ունեցել և զբաղեցրել է համապատասխանաբար 10-րդ և 11-րդ տեղերը:

Անգոլան նույնպես մրցույթին մասնակցել է նաև 2014-2015 թվականներին և գրավել է 11-12-րդ տեղերը:

Քուվեյթի մասնակցությունը տանկային բիաթլոնին ևս հաջող չի եղել: Երկիրը մրցույթին մասնակցել է 2014 և 2015 թվականներին և համապատասխանաբար զբաղեցրել է 12-րդ (վերջին) և 9-րդ տեղերը:

Նիկարագուան մեկ անգամ մասնակցել է տանկային բիաթլոնին 2015-ին և զբաղեցրել է վերջին՝ 13-րդ տեղը:

Զիմբաբվեն առաջին անգամ է մասնակցելու տանկային բիաթլոնին:

2 responses to “Ովքեր են Հայաստանի մրցակիցները Տանկային բիաթլոն-2016 մրցույթում

  1. Pingback: Հայկական զորախումբը մեկնել է «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 10–16 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *