Հունիսի 23-ին վրաստանյան «Մետրոնոմ» լրատվական կայքը հայտնել է, որ մահացել է 18-ամյա զինծառայող Նիկոլոզ Ռուբլյովսկին: Նա ծառայել է զինված ուժերի Արևելյան հրամանատարության անվտանգության և պաշտպանության գումարտակի պաշտպանության վաշտի 3-րդ դասակում՝ որպես հրաձիգ:
Կայքը նշում է նաև, որ դեպքը կատարվել է հունիսի 19-ին: Դիակի վրա հայտնաբերվել են հրաձգային վիրավորումներ: Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է 2-րդ պահակակետում: Այս տեղեկությունը, ըստ աղբյուրի, իրենց հետ զրույցում հաստատել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ սա, ըստ Razm.info-ի մշտադիտարկման արդյունքների, մահացության 4-րդ դեպքն է 2016 թվականին։
- Առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 4-ին: Գորիի զինվորական հոսպիտալում «խոզի գրիպից» մահացել էր երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում ծառայող, մայոր Դիմիտրի Լեկիաշվիլին։
- Մյուսը դեպքը եղել էր մարտի 7-ին: Սպանված 39-ամյա զինծառայողի դին գտել էին Գորիի շրջաններից մեկում։
- Մահվան հաջորդ դեպքը գրանցվել էր մարտի 18-ին: Ավտովթարի հետևանքով մահացել էր Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարության 5-րդ հետևակային բրիգադի (Գորի) 41-ամյա կապրալ։