Հունիսի 20-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են «Ըշըք–2016» (İşik-2016) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները, որոնց մասնակցելու համար Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազա են մեկնել Ադրբեջանի ԶՈւ 3-ական միավոր Մի-17 և Մի-35 ռազմական ուղղաթիռներ: Վարժանքները շարունակվելու են մինչև հունիսի 30-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հունիսի 15-ին զորավարժության անցկացման մասին հայտնել էր Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը՝ նշելով, որ վարժանանքերին բացի Թուրքիայից և Ադրբեջանից մասնակցելու են նաև Ռումինիայի, Հունգարիայի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի օկուպացված թուրքական հատվածի զինված ուժերի՝ այդ թվում ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումները:
Զորավարժության նպատակը մասնակից երկրների որոնողափրկարարական ստորաբաժանումների մասնագիտական ունակությունների բարելավումը, ինչպես նաև ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումն է:
Հավելենք, որ հունիսի 18-ին Թուրքիայի՝ Սև ծովին ափամերձ Օրդու շրջանի բնակիչները տեսանկարահանել էին Ադրբեջանի ԶՈւ ուղղաթիռները՝ մտածելով, որ դրանք ներգրավվելու են այդ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ սկսված Թուրքիայի ԶՈւ ռազմական գհործողություններին: Սակայն բնակիչներից ոմանք ևս նշել էին, որ ուղղաթիռները շարժվել են Քոնիայի ուղղությամբ:
Ստորև ներկայացնում ենք նկարահանված տեսանյութերից մեկը, որտեղ երևում են 2 միավոր Մի-17/8 և 3 միավոր Մի-24/35 ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցել էին նաև անցյալ տարվա ապրիլին Թուրքիայի անցկացված «Ըշըք–2015» որոնողափրկարարական զորավարժությանը:
Pingback: Թուրքիայում ավարտվել են Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ անցկացված վարժանքները | Ռազմ.info